«Ցեղասպանությունը չի կարող պատճառաբանություն ունենալ»
Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը բազմակողմանի ուսումասիրված է եւ հայ պատմագրության մեջ սպառիչ պատասխան է տրված բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում: Կան նաեւ հարցեր, որոնք նույնիսկ չեն էլ արծարծվել:
Չուսումնասիրված հարցերի թվում պետք է նշել քեմալականների իթթիհատական ծագումն ու օսմանյան ցեղասպան քաղաքականության ժառանգականությունը, թուրքական ժողովրդական զանգվածների մասնակցությունը հայերի կոտորածներին, «Թեշքիլաթ-ը Մահսուսայի» գլխավորությամբ պետական կառույցների եւ բանակի դերը, Մուստաֆա Քեմալի մերձակա շրջապատի ոճրագործ դիմագիծն ու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կազմի մեղսակցությունը, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը, ճշմարտության ուրացման հարցում իշխանություն-ժողովուրդ համերաշխությունը Թուրքիայում, դրա խորքային արմատները, հայերի ունեցվածքի պետական եւ ժողովրդական հափշտակումը, Հայկական հարցի ու Աթաթուրքի տաբուի առնչությունները, եւ վերջապեսՙ հայ երեխաների կյանքը խնայելու թուրքական դրսեւորումների դրդապատճառներն ու դա իբրեւ «մարդասիրություն» դիտարկելու փորձերի բուն էությունը:
Քանի որ Թուրքիայում պատմաբաններն առանձնակի ջանասիրությամբ զբաղված են ցեղասպանության թուրքական պաշտոնական թեզիՙ ժխտողականության հիմնավորմամբ, ուստի եւ վերոհիշյալ հարցերը դուրս են մնում նաեւ թուրք պատմագրության տեսադաշտից: Դրանց մամուլի էջերում թեկուզ մասնակի անդրադառնում են առանձին հեղինակներ, որոնցից թերեւս պետք է առանձնացնել «Հրաձիգ պապերս» հոդվածի հեղինակ Հասան Բիլդիրիջիին եւ հայտնի թուրք գիտնական Իսմայիլ Բեշիքչիին , որը գրի է առել «Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու հիմնարար խնդիր» հոդվածը:
Բիլդիրիջիի հոդվածը խոստովանության բնույթի հուշագրություն է եւ հստակ պատկերացում է տալիս, թե որ դեպքում մարդասպան հրոսակներն անխնա սպանում էին հայկական ընտանիքի ողջ անդամներին եւ ինչով էր պայմանավորված հայ երեխայի կյանքը խնայելու այս մարդասպանների «մարդասիրությունը», իսկ Բեշիքչին հոդվածում ծնողների սպանությունը տեսած երեխայիՙ գլխավորապես աղջիկ, «փրկությունը» համարում է ոչ թե «մարդասիրություն», այլՙ ստրկացման միջոցով նրան թուրքացնելու դրսեւորում, որովհետեւ վերցված հայ երեխաները որպես հարճ, աղախին կամ ծառա, ստիպված հոգում էին իրենց ծնողների դահիճներիՙ քստմնելի թուրք կամ կիսավայրենի քուրդ ընտանիքների հոգսերը:
Քրդական gelawej.net կայքէջում տեղադրված այս հոդվածները, որոնք լրացնում են միմյանց, կարեւոր են հայերի կոտորածներին թուրքական զանգվածների մասնակցությանը եւ հայ երեխաներին «փրկելու» թուրքերի նկրտումներին լույս սփռելու առումով: Մասնակի կրճատումներով նախ ուշադրության ենք ներկայացնում Հասան Բիլդիրիջիի «Հրաձիգ պապերս» հոդվածը: Ահա թե ինչ է գրել.
«Մանկությունս անցավ հայկական բնակավայրերի ավերակների եւ հայերի արյունով ներկված հողի վրա: Միջնադարում Խլաթը հայկական ամենափառահեղ քաղաքն էր: Սակայն այն Խլաթում, որտեղ ես եմ ծնվել, հայ չկար: Հայն ընդամենը գոյություն ուներ հայհոյանքներում: Հայրս եւ հորեղբայրներս զայրանալիս ինձ կամ ուրիշներին «հայի վաստակ» էին անվանում, եւ նույնն անում էր ողջ գյուղաքաղաքը: Հայրական կողմից ազգականներս, որոնք թուրք էին, Վանա լճի ափին էին բնակվում: Հենց միջնաբերդումՙ հարուստների թաղամասում: Նրանց առանձնատները շքեղ էին, իսկ մենքՙ աղքատ: Հայրս եւ հորեղբայրներս պատմում էին, թե այս թուրք նորահարուստներն ինչպես են սպանել իրենց թաղի հայերին:
Հայերից մեկին բռնեցրել են մզկիթի անկյունում, քարով նրա գլուխը փշրել է շեյխ Շահաբեթդինը: Դեպի լիճ փախչող մեկ այլ հայի տեղում գլխատել են: Իսկ պատերն առ այսօր կանգուն հայ ընտանիքի անխտիր բոլոր անդամներինՙ կին, երեխա, խեղդամահ է արել հաջի Օմերի հայրը: Այս մեծ քարի վրա փշրել են գլուխն այն հայ վարպետի, որը թաղամասի շքեղ առանձնատներն է կառուցել:
Մեզ պատմել էին, որ հայերին սպանել են այնպես, ինչպես ոչխար են մորթել: Թերեւս դրանով էլ մթագնել են մեր մանկական աշխարհը: Սակայն ինձ առավել տպավորել էր հայկական ավերված մի գյուղ, Խլաթ-Թաթվան ճանապարհի վրա, Խլաթից 10 կմ հեռու: Մի օր փորփրելով գյուղի ավերակները, ծխամորճ գտա, սանր, ապա օսմանյան դրամներ, եւ զգացի, որ այստեղ մի ամբողջ կյանք է թաղված: Հորս հարցրի, խուսափողական պատասխան տվեց: Երբ ես տարված էի գյուղը փորփրելով, հանկարծ հայտնաբերեցի մանկական մի կոշիկ եւ սարսափեցի, կոշիկն իսկույն շպրտեցի ու փախա:
Գյուղի մասին նորից հարցրի հորս, ասացՙ անիծյալ լինես, դա հայկական գյուղ էր, բոլոր բնակիչներին սպանել են: Այդ սպանություններն էլ կատարել էին իմ քուրդ մոր պապերից կազմավորված համիդիե գնդերը: Գյուղի պատմությունը լսելուց հետո, մանկական այդ կոշիկը սկսեց երեխայի պես «լաց լինել», եւ ամեն օր այդ լացի ձայնը հետապնդեց ինձ:
Տարիներ անցան, ստիպված հայտնվեցի Փարիզում: 1994 թվականն էր, հանկարծ ծանոթացա տարեց հայ մի կնոջ հետ: Կլիներ շուրջ 90 տարեկան: Իմանալով, որ ես Վանա լճի շրջակայքից եմ, ասաց, որ ինքն էլ այնտեղից է: Հետո պատմեց իր ողբալի պատմությունը, ասելով. «Կոտորածի ժամանակ 13 տարեկան սիրունիկ աղջիկ էի: Բոլորին սպանեցին, իսկ ինձ խնայեցին, որ բռնաբարեն ով ասես, մինչեւ որ Վանա լճից հասա Այնթապ: Չեմ հիշում քանի օր, քանի շաբաթ, քանի ամիս շարունակ... ատում եմ տղամարդկանց»:
Սա է պատմությունը: Իմ մայրական կողմից պապերըՙ համիդիե գնդերն ու հոր կողմից թուրք հրաձիգները բնաջնջեցին մի ամբողջ ժողովրդի: Ցեղասպանությունը չի կարող պատճառաբանություններ ունենալ: Իրերի դրությունը չի փոխելու նաեւ քուրդ եւ թուրք պապերիս անունից իմ ներողություն խնդրելը: Մարդկության դեմ հանցագործություն է հաշտվելն այն իշխանությունների հետ, որոնք հաստ քող են քաշում կատարված ցեղասպանության վրա: Ցեղասպանություն կատարածների հետ չեն հաշտվում, այլ նրանցից հաշիվ են պահանջում, որ թոթափեն այդ ամոթանքը»:
Комментариев нет:
Отправить комментарий