Powered By Blogger

пятница, 18 июня 2010 г.

ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ստամբուլում դա Թուրքիայի արտգործնախարարին անձամբ հանձնել է «Վուդրո Վիլսոն» կենտրոնի փոխնախագահը

Վաշինգտոնում գործող «Վուդրո Վիլսոն» միջազգային կենտրոնը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին պարգեւատրել է «Վուդրո Վիլսոնի անվան հասարակական ծառայության» մրցանակով: Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին հենց Ստամբուլում, իսկ մրցանակը Դավութօղլուին անձամբ հանձնել է «Վուդրո Վիլսոն» կենտրոնի փոխտնօրեն Մայքլ Հ. վան Դուսենը: Դավութօղլուի հետ «Վուդրո Վիլսոնի անվան կորպորատիվ քաղաքացիության» մրցանակին է արժանացել նաեւ «Դողուշ հոլդինգի» գործադիր տնօրեն Ֆերիթ Շահենգը:

Պարգեւատրման արարողությանը ներկա են եղել Թուրքիայի սոցապ նախարար Օմեր Դինչերը, արտգործնախարար Դավութօղլուի տիկինըՙ Սարեն, երեք դուստրերը, որդին, ինչպես նաեւ պատվարժան մի շարք հյուրեր, մասնավորապես թուրքական «Պրոֆիլո հոլդինգի» գործադիր տնօրեն Ժակ Կամհին եւ ամերիկյան «Հիաթ գրուպի» գործադիր տնօրեն Թովմաս Պրայցկերը:

Արարողությանը Կամհիի եւ Պրայցկերի մասնակցության մասին հունիսի 17-ին գրել է «Գազեթե պորտ» կայքէջը, իսկ պարգեւատրմանՙ «Զամանի» գլխավորությամբ թուրքական գրեթե բոլոր կենտրոնական թերթերը, հիմք ընդունելով «Ջիհան» գործակալության հաղորդագրությունը:

Պարգեւատրումից հետո շնորհակալական խոսք է ասել արտգործնախարար Դավութօղլուն, ապա խոսքը շարունակել է Վուդրո Վիլսոնի աշխարհայացքի վերաբերյալ ելույթով: Նա նշել է, որ Վիլսոնը, ինչպես եւ ինքն է, եղել է կրթության գործիչ, կարողացել է բոլորին ցույց տալ «պետության կառավարման սերտ առնչությունը ուսուցմանը»:

Դավութօղլուն ուշադրություն է հրավիրել իդեալզմի եւ ռեալիզմի միջեւ Վիլսոնի հաստատած ամուր կապի վրա, ապա եւ շարունակել է. «Ազգերի լիգայի մասին Վիլսոնի առաջ քաշած գաղափարն սկզբում դիտարկվում էր որպես ուտոպիա, սակայն իրականացավ: Ակնհայտ է նաեւ մեր իդեալը. «Նորմալացնել մեր պատմությունն ու աշխարհագրական միջավայրը: Շրջակայքում չենք ուզում շրջափակում, սպառազինում չենք ուզում: Միջուկային զենքՙ նմանապես: Ուզում ենք, որ հաշտություն լինի: Հենց այս տեսանկյունից ենք մոտենում Հայաստանին: Սա է նաեւ Հունաստանի նկատմամբ մեր մոտեցումը: Անցյալ ամիս Հունաստանի հետ ստորագրեցինք 22 պայմանագիր: Պայմանագրեր ենք ստորագրել նաեւ Ռուսաստանի ու Իրանի հետ»:

Դավութօղլուն ելույթում անդրադարձել է նաեւ տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությանը, ընդգծել է, որ իր երկիրը չի կարող անտարբեր լինել տարածաշրջանային զարգացումների հարցում, ավելացնելով. «Որքան մենք ջանում ենք խաղաղությանն ուղղված քայլեր կատարել, այնքան մեծ աղմուկ-աղաղակ են բարձրացնում, թե Թուրքիան շեղվում է ուղեծրից: Հավանաբար նրանք, ովքեր անցյալում կարդացել են Վիլսոնի գրածները, նրանց մեջ էլ առաջացել է հետեւյալ հարցը. «Մի՞թե փոխվում է ԱՄՆ-ի ուղեծիրը»: Եթե աշխարհն է փոխվում, չենք կարող հաստատուն մնալ փոփոխվող հատակում: Անփոփոխը մեր սկզբունքներն են: Մենք գլոբալ խաղաղության կողմնակիցների կողքին ենք: Դեմ ենք նրանց, ովքեր սպառնում են խաղաղությանը: Ոչ ոք չի կարող մեզ մեղադրելՙ գաղափարախոսությունը փոխելու մեջ»:

Ի դեպ, պարգեւատրման արարողության պատվավոր հյուրերից «Հիաթ գրուպի» գործադիր տնօրեն Թովմաս Պրիցկերը Պենի Պրիցկերի զարմիկն է, իսկ Պենինՙ Բարաք եւ Միշել Օբամաների մերձավոր ընկերը: Ինքըՙ որպես կին գործարար, միաժամանակ հանդիսանում է «Դողուշ հոլդինգի» գործադիր տնօրեն Ֆերիթ Շահենգի տիկնոջՙ Դիանա Շահենգի ջերմ բարեկամը, նույնքան ջերմ է Թուրքիայի նկատմամբ նրա հիացմունքը:

Այսինքնՙ Դիանա Շահենգն Օբամաների ընկերոջՙ Պենիի միջոցով ավելի հեշտ է ներթափանցում Սպիտակ տուն, ինչպես «Գազեթե պորտն» է վկայում, քան Թուրքիայի արտգործնախարարությունը: Ինչ վերաբերում է Ժակ Կամհիին, ապա իսլամական շրջանակները որքան էլ նրան համարեն Թուրքիայում սիոնիզմի ներկայացուցիչը, աշխարհի տարբեր երկրների էլիտայի վրա ունեցած ազդեցության շնորհիվ թուրքական պետության օգտին ամենաարդյունավետ լոբբիստական գործունեությունը հենց ինքն է ծավալում:

Комментариев нет:

Отправить комментарий