Powered By Blogger

пятница, 4 июня 2010 г.

«ՄԱՐՄԱՐԱ» ՆԱՎԻ ՎՐԱ ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄՐԱՊՆԴԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔԵՐԸ ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դա ձեռնտու է նաեւ Իսրայելին, միայն թե Թուրքիան չստանա Արեւմուտքից ավելի անկախ գործելու հնարավորություն

«Մեր ուղեգիծը Պաղեստինն է, իսկ բեռըՙ մարդասիրական օգնություն» կարգախոսով դեպի Գազա նավարկող «Ազատության նավատորմիղի» դեմ իսրայելական հատուկ ջոկատի կազմակերպած զինված գործունեությանը բուռն հակազդեցություն ցուցաբերեց Թուրքիան, ներգրավելով դրանում ժողովրդական լայն զանգվածներին: Դիտարկելով այդ գործողությունը որպես պետական ահաբեկչության դրսեւորում, վարչապետ Էրդողանի կառավարությունը պահանջել է, որ Իսրայելը դատապարտվի միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար, հարցը հետաքննի ՄԱԿ-ը, պատժվեն պատասխանատուները, փոխհատուցում վճարվի տուժածներին, անհապաղ ազատ արձակվեն նավատորմի անձնակազմն ու ուղեւորները, որոնք ձերբակալված էին, եւ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի Թուրքիայից:

Նույնիսկ հնչեցին թուրք-իսրայելական հարաբերությունները խզելու եւ Իսրայելի դեմ ռազմական համարժեք գործողությունների դիմելու կարծիքներ: Հունիսի 1-ին դրանց Թուրքիայի ազգային մեծ ժողովի ամբիոնից պատասխանեց փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ասելով. «Թող ոչ ոք չսպասի, որ մենք պատերազմ կհայտարարենք Իսրայելին»: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիՙ արտգործնախարար Դավութօղլուի նախաձեռնությամբ գումարված արտակարգ նիստը չկատարեց Թուրքիայի պահանջներըՙ Իսրայելին դատապարտելուց զատ, Անկարան, այնուամենայնիվ, չխզեց թուրք-իսրայելական հարաբերությունները:

Ավելին, հակառակ Դավութօղլուի հավաստիացումներին, թե հունիսի 2-ի հանդիպմանը Հիլարի Քլինթոնին հստակ ներկայացրել է Թուրքիայի պահանջները, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին նույն օրը հայտարարեց. «Դավութօղլուն հանդիպմանը միջադեպը դատապարտելու առանձնահատուկ որեւէ պահանջ չի ներկայացրել տիկին Քլինթոնին»: Այդ ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը PBS հեռուստատեսության էկրանից պաշտպանեց «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելական հատուկ ջոկատի հարձակումը:

Չնայած Թուրքիայի համառ պահանջներին, Իսրայելը ոչ թե ազատ արձակեց կալանված նավատորմիղի ձերբակալված անձնակազմին եւ ուղեւորներին, այլ արտաքսեց երկրից, այն էլՙ 15-ժամյա ինտենսիվ բանակցություններից հետ: Ինչ վերաբերում է Թուրքիայից պաշտոնապես ներողություն խնդրելու պահանջին, ապա դա էլ հունիսի 2-ին կտրականապես մերժեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, թե իր երկիրը չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ ինքը հպարտանում է իսրայելցի զինվորներով:

Առհասարակ ո՞ր դեպքում են հպարտանում զինվորներով, այնՙ եթե նրանք կանխում են սադրանքը: «Ազգի» երեկվա համարում չէինք բացառել դրա հնարավորությունը: Վերադառնալով Ստամբուլ, օդանավակայանում, ինչպես երեկ նշել է «Դունյաբյուլթենի.նետ» կայքէջը, մեզ հաստատել է թուրքական «Մավի Մարմարա» նավի ուղեւորներից «Մարդու իրավունքների եւ ազատությունների հումանիտար օգնություն» կազմակերպության ղեկավար Բյուլենթ Յլդրըմը:

Ահա թե ինչ է ասել. «Առավոտյան նամազին հանկարծ հարձակման ենթարկվեցինք: Մեր ընկերները զուտ խաղաղ դիմադրություն ցուցաբերեցին: Այնտեղ էին մամուլի բոլոր ներկայացուցիչները: Դիմադրության առաջին փուլում զինաթափել ենք իսրայելցի 10 զինծառայողներին: Այո, խլեցինք նրանց զենքը, բայց առանց օգտագործելու ծով շպրտեցինք: Մեզ համար նախընտրելի էր նահատակվել, քան այդ զենքը օգտագործել: Այնուհետեւ սկսեցին կրակոցներ տեղալ մեր վրա: Մեզ ուղեկցող ռազմանավերը օգնության չհասան: Հանձնվող ընկերներին սպանեցին: Չէինք հանձնվի, եթե մեզ հետ կանայք չլինեին: Ալլահն օրհնի վարչապետին, նախագահին, արտգործնախարարին, զանգահարեցին ինձ: Էրբաքան ուսուցիչը զանգահարեց, այլ կուսակցականներըՙ նույնպես: Երախտապարտ եմ: Երբ ինձ հարցաքննում էին Իսրայելում, հարցրեցրին. «Դու մեր զինվորների վրա երկաթե ձողով եւ կացնով չե՞ս հարձակվել»: Ես ասացի, որ պաշտպանվում էի»:

Թերեւս այդ առումով պատահական չէր Իսրայելի կառավարության հունիսի 2-ի հայտարարությունը. «Նավի ուղեւորների շուրջ 40-ն այս նախաձեռնությանը մասնակցում էինՙ կռվելու եւ նահատակվելու առաջադրանքով»: Հիրավի «Մարդու իրավունքների եւ ազատությունների հումանիտար օգնության» կազմակերպությունը ի տարբերություն Մարդու իրավունքների միության, որի նկատմամբ անբարյացակամ է երկրի ղեկավարների վերաբերմունքը, թուրք իսլամականների արմատական կազմակերպություն է, այլապես «Բարօրություն» կուսակցության նախկին նախագահ Նեջմեթդին Էրբաքանը չէր շնորհավորի նրա ղեկավարին:

Այս ամենի առումով հատկանշական են «Ռոյթերի» հետեւությունները, որին պաշտպանել են արաբական թերթերը. «Թուրք-իսրայելական լարվածությունը արաբական երկրներում նպաստել է Թուրքիայի ժողովրդականության աճին»: Մենք էլ ավելացնում ենք. «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելական հատուկ ջոկատի հարձակումն էլ նպաստել է, որ Պաղեստինի ինքնավարության ողջ տարածքում Մահմուդ Աբբասի նկատմամբ ամրապնդվեն «Համմասի» դիրքերը: Նույնը պետք է ասել Սիրիայի եւ Իրանի նկատմամբ Թուրքիայի դիրքերի պարագայում: Ի դեպ, հայտնի են այս երկրներին ԱՄՆ-ի, ԵՄ-ի բացասական մոտեցումները, էլ չենք խոսում Իսրայելի մոտեցման մասին:

Այլ կերպ, Պաղեստինի ինքնավարությունում Սիրիայի եւ Իրանի նկատմամբ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը, որը ենթադրում է վերջինի դիրքերի ամրապնդում իսլամական եւ արաբական աշխարհներում, նախընտրելի է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, հատկապես Իսրայելի համար, միայն թե դա Թուրքիային չտա Արեւմուտքից ավելի անկախ գործելու հնարավորություն, թուրքական պետության ղեկավարների հակաիսրայելական ելույթները չոգեւորեն թուրք-իսլամականներին եւ նրանք չնպաստեն հակաիսլամական տրամադրությունների ծավալմանը թուրքական հասարակությունում:

Комментариев нет:

Отправить комментарий